Հայերեն   English
 
   01.12.2018

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե «դիվերսիա» կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ըստ լրատվամիջոցների՝ Ա. Բաղդասարյանը դիմել է Ն.Փաշինյանին. «եթե դուք իսկապես հոգ եք տանում Ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ, որ երկու կողմերի տառապող մարդկանց ազատ արձակման հարցում Ադրբեջանից Ձեր հակառակորդի հետ ընդհանուր հայտարարի գաք»: Նամակում նշվում է նաև, որ լինելով համանման իրավիճակում՝ ինքը հասկանում է, թե ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում, և մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում:


Հարկ է նշել, որ կատարվածը բացառիկ չէ, քանի որ 2018թ. փետրվարի 27-ին ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը տարածել էր տեսանյութ (http://minval.az/news/123767613), որում Արսեն Բաղդասարյանն ադրբեջաներենով բանաստեղծություն էր արտասանում, այնուհետև նկարագրում իր բանտային հարմարավետ պայմանները՝ նշելով, որ որևէ բռնության չի ենթարկվում այնտեղ:

Արսեն Բաղդասարյանի նկատմամբ պարբերաբար հասարակության ուշադրության կենտրոնացման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) և զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է կատարվածը և կոչ անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածին տալ համարժեք արձագանք, քանի որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ու հետևողականորեն խախտվում են Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքները:

Պաշտպանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է հետևողական լինել իր իրավազորության տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացիներին հանրային հետաքրքրասիրությունից զերծ պահելու հարցում՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերական ուշադրության ներքո է պահում Արցախի Հանրապետությունում ազատազրկված Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները և ըստ անհրաժեշտության նրանց հետ հանդիպումներ է ունենում ազատազրկման վայրում»:


ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

   19.11.2018

 «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով մրցույթ Արցախի ՄԻՊ կողմից

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է լուսանկարների և տեսանյութերի մրցույթ՝ «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 12-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձերին:

Մրցույթն անցկացվում է Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացնելու են 150,000-ական, երկրորդ հորիզոնականին՝ 100,000-ական, իսկ երրորդ հորիզոնականին՝ 50,000-ական ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության դպրոցների բոլոր աշակերտները.
  • Լուսանկարները և տեսանյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, իսկ թե կոնկրետ ինչ իրավունքի և ինչպիսի դրսևորմամբ՝ թողնվում է հեղինակի հայեցողությանն ու ստեղծագործականությանը.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարի ու տեսանյութի հեղինակը պետք է տվյալ մասնակիցը լինի.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարները և տեսանյութերը չպետք է որևէ տեղ հրապարակված լինեն.
  • Լուսանկարները պետք է ունենան նկարագրություն, իսկ տեսանյութերը՝ վերնագիր, որոնք կարտացոլեն ներկայացվող նյութի հիմնական ասելիքը.
  • Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն.
  • Լուսանկարի ծավալը չպետք է գերազանցի 10 MB-ը, իսկ տեսանյութի ծավալը՝ 100 MB-ը.
  • Նկարահանման համար կարելի է օգտագործել ցանկացած սարք.
  • Մեկ մասնակիցը կարող է ուղարկել մեկական լուսանկար և (կամ) տեսանյութ:

Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն ընդունվելու:

Մրցույթի ընթացակարգը հետևյալն է՝

  • Լուսանկարներն ու տեսանյութերը պետք է մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկվեն info@ombudsnkr.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կա՛մ կից ֆայլով, կա՛մ հղմամբ: Նամակի մեջ պետք է նշվի լուսանկարի նկարագրությունն ու տեսանյութի վերնագիրը, հեղինակի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, դպրոցի անվանումը, հեղինակի բնակության հասցեն և հեռախոսահամարը, իսկ նամակի վերնագրի դաշտում պետք է գրվի մասնակցի անուն ազգանունը և մրցույթի խորագրի անվանումը.
  • Նամակը ստանալուց հետո Պաշտպանի աշխատակազմը պատասխան նամակով կծանուցի մասնակցին հայտի ստացման մասին, այնուհետև տվյալ լուսանկարը կամ տեսանյութը կտեղադրի ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/ArtsakhOmbuds/.
  • Դեկտեմբերի 5-ի ժամը 23:59-ի դրությամբ ամփոփվելու են ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների և տեսանյութերի ստացած հավանումները, և ամենաշատ հավանում ստացած 5-ական լուսանկարներն ու տեսանյութերն անցնելու են երկրորդ փուլ.
  • Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը քննելու է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ հավանումներին արժանացած 5-ական լուսանկարներն ու տեսանյութերը՝ խորագրին համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչների հիման վրա որոշելով լուսանկարի ու տեսանյութի անվանակարգերի լավագույն 3 հայտերը: Մրցութային հանձնաժողովի կազմում են մի խումբ հանրային գործիչներ Արցախի ու Հայաստանի Հանրապետություններից և Սփյուռքից՝ ԱՀ երկրորդ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ.
  • Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարելու է հաղթողների անունները՝ նրանց տրամադրելով նախատեսված մրցանակները:

Մրցույթին ներկայացնելով իրենց լուսանկարներն ու տեսանյութերը՝ մասնակիցները դրանով համաձայնություն են տալիս, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարող է տվյալ նյութերն օգտագործել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրազեկման ցանկացած աշխատանքներում:

Լրացուցիչ պարզաբանումների համար պետք է կապվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ +374 (0) 47-739047 հեռախոսահամարով կամ info@ombudsnkr.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

   07.11.2018

Հայտարարություն

  1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է բաց մրցույթներ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար (Աշխատակազմի դեպարտամենտի հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մասնագետ, Աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստ):
  2. Աշխատակազմի դեպարտամենտի հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մասնագետի գործառույթներն են՝
  • իրականացնում է մակագրված դիմում-բողոքների ուսումնասիրություն, համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ, ներկայացնում դրանք Դեպարտամենտի ղեկավարին.
  • Պաշտպանի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ, իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, իրականացնում է արագ արձագանքումներ.
  • Պաշտպանի հանձնարարությամբ իրականացնում է ըստ անհրաժեշտության այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ.
  • Պաշտպանի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Դեպարտամենտի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր և փաստաթղթեր.
  • իրականացնում է հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն, նախապատրաստում է զեկույցներ և տեղեկանքներ.
  • իրականացնում է հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանում և վերլուծություն, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծեր.
  • իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
  • քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
  • իրականացնում է Դեպարտամենտի գործառույթներին առնչվող Աշխատակազմի հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը.
  • իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստում և մասնակցում է դրանց մշակման աշխատանքներին.
  • կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • մասնակցում է Դեպարտամենտի աշխատանքային ծրագրերի մշակմանը.
  • կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները.
  • Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

3.Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.

2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Էներգետիկայի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքների, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.

5) վերլուծական մտածողություն.

6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.

7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.

8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.

9) արդյունավետ հաղորդակցության վարում.

10) հրապարակային խոսքի ներկայացում.

11) քաղաքացիների սպասարկում.

12) թիմային աշխատանք.

13) կառավարման ներածություն.

14) գործողությունների միջոցով ուսուցում.

15) աշխատանքային պլանի մշակում.

      16) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.

17) ծրագրերի մշակում և կառավարում.

18) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.

19) հաշվետվությունների մշակում և ներկայացում.

20) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:

 

  1. Աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագեը-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստի գործառույթներն են՝

1) իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքներին, հաշվապահական  հաշվառման ստանդարտներին և Աշխատակազմի հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան.

2) իր լիազորությունների շրջանակներում ստորագրում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերը՝ երկրորդ կարգի ստորագրության իրավունքով.

3) իրականացնում է ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմման և ամփոփման աշխատանքները.

4) իրականացնում է Աշխատակազմի ակտիվների և պարտավորությունների հաշվառում, մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների վերաբերյալ ակտերի կազմում և ձևակերպում.

5) ապահովում է ծախսերի կատարման ընթացքում ծագած թերությունների հայտնաբերումը.

6) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Պաշտպանի և Գործադիր քարտուղարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

7) ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը համապատասխան մարմիններին.

8) կատարում է Պաշտպանի և Գործադիր քարտուղարի այլ հանձնարարականները.

9) Առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

  1. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1) բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ.   

2) պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական  հաշվառման  մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքների, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.

5) վերլուծական մտածողություն.

6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.

7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.

8) ժամանակի կառավարում և ճշտապահություն.

9) արդյունավետ հաղորդակցության վարում.

10) թիմային աշխատանք.

11) կառավարման ներածություն.

12) գործողությունների միջոցով ուսուցում.

13) աշխատանքային պլանի մշակում.

      14) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.

15) ծրագրերի մշակում և կառավարում.

16) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.

17) հաշվետվությունների մշակում և ներկայացում.

18) հաշվապահական համակարգչային ծրագրերին տիրապետում.

19) տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի տիրապետում:

6.Դիմողը Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Շուշի, Հախումյան 28) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.

2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.

5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):

  1. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  2. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:
  3. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի ­­­­­­­­­­­­­­­­­նոյեմբերի 25-ն է:
  4. Աշխատակազմի դեպարտամենտի հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար մրցույթն անցկացվելու է 2018 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը՝ 10:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Շուշի Հախումյան 28):
  5. Աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստի թափուր հաստիքի համար մրցույթն անցկացվելու է 2018 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը՝ 15:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք. Շուշի Հախումյան 28):
  6. Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  7. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 70 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.

2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.

3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.

4) ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներից բխող օրենսդրություն՝ 20 տոկոս.

Աշխատակազմի դեպարտամենտի հանրային ծառայության կազմակերպությունների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար դիմում ներկայացրած անցանց համար թեստային հարցերը կընդգկեն հետևյալ իրավական ակտերը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Էներգետիկայի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ:

Աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ-ֆինանսիստի թափուր հաստիքի համար դիմում ներկայացրած անցանց համար թեստային հարցերը կընդգկեն հետևյալ իրավական ակտերը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական  հաշվառման  մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքներ:

5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս:

  1. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Շուշի Հախումյան 28, հեռ. (+374 47) 739046):
  2. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ի հրամաններով հաստատված «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգով և աշխատակարգով»:

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

07.11.2018թ.

 

   06.06.2018

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։

Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ հետևելու համար։

Արձանագրում ենք, որ ԱՀ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման փաստեր չեն գրանցվել։ Կարևորում ենք նաև այն, որ ԱՀ ոստիկանությունը հունիսի 2-ից 4-ը տեղի ունեցած հավաքների ընթացքում ապահովել է Ազատամարտիկների փողոցի՝ հավաքի վայրի հատվածում երթևեկության վերակազմակերպումը, ինչպես նաև հատուկ լիազորել է ԱՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկին՝ որպես հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցության պատասխանատու։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում, որ նման իրավիճակներում ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ գործադրի՝ ապահովելու հակադարձ հավաքների մասնակիցների անվտանգությունն այն պայմաններում, երբ հավաքներից մեկի մասնակիցների խումբը հայտնվում է հակադիր պահանջներով մյուս հավաքի վայրում։ Մասնավորապես, հունիսի 3-ին Ավտոկայանի հավաքի մասնակիցների մի խումբ երթով հասել էր Վերածննդի հրապարակ, որտեղ նույն ժամանակ ընթանում էր հակադիր պահանջներով հավաքը։

Հավաքների վայրերում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի քաղաքացիներ՝ իրավական բնույթի խնդիրներով։ Մի քանի դեպքով տրվել են իրավունքի վերաբերյալ պարզաբանումներ, իսկ մյուս դեպքերով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պաշտպանին գրավոր դիմումներ հասցեագրելու վերաբերյալ։

Որպես ԱՀ պետական իրավասու մարմիններին ուղղված օրենսդրական առաջարկ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սեղմ ժամկետում ընդունել արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Դա խաղաղ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների համար կստեղծի իրենց սահմանադրական իրավունքի իրականացման ավելի կանխատեսելի պայմաններ։

   10.03.2018

          International Human Rights Defence Committe անունով կազմակերպությունը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին՝ նշելով, թե նրանք «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում: 
          Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը լավ տեղեկացված է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններից, գիտի, թե դրանցից որոնք են հետաքրքրված ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մարդու իրավունքներով, բայց առաջին անգամ է լսում International Human Rights Defence Committee կազմակերպության մասին: 
          Ամեն դեպքում, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծանոթանալով այս կազմակերպության հաղորդագրության բովանդակությանը, տպավորություն է ստացել, որ այն ավելի շատ քաղաքական բնույթի հայտարարություն է, քան՝ իրավապաշտպան: 
          «Ես մի պահ անգամ կասկածեցի՝ ճի՞շտ տեքստ եմ կարդում, թե՞ ոչ: Մտածեցի գուցե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունն է, որովհետև բովանդակությունը զուտ քաղաքական էր: Սա խիստ կասկածելի աղբյուր է: Անհրաժեշտ էլ չեմ համարում մեկնաբանել հայտարարության բովանդակությունը»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: 
          Հարցին՝ արդյոք ակնարկում եք, թե Ադրբեջանն է կանգնած այս կազմակերպության հաղորդագրության հետևում, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց հակիրճ. «Ես ուսումնասիրել եմ տվյալ կազմակերպության կայքը, սոցիալական ցանցերում նրանց ներկայացվածությունը և խոսուն հրապարակումներ եմ տեսել»: 
          Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական հիմնարկում: 
          Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ինքը պարբերաբար այցելում է Շուշիի քրեակատարողական հիմնարկ և նրանց հետ, իր մանդատին համապատասխան, կոնֆիդենցիալ հանդիպումներ է անցկացնում: «Կարող եմ վստահեցնել, որ վատ վերաբերմունքի դրսևորումներ Ադրբեջանի երկու քաղաքացիների պահման պայմաններում արձանագրված չեն»,- շեշտեց Մելիքյանը: 
          Նրա խոսքով՝ սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ վերջինը, երբ մարդու իրավունքներին վերաբերող հռետորաբանությունն ուղղորդվում է մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունեցող նպատակներով: Ընդ որում, Արցախի ՄԻՊ-ի դիտարկմամբ, սա ոչ միայն մեր տարածաշրջանին վերաբերող, այլ համընդհանուր խնդիր է: 
          Հիշեցնենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: 
          Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել, լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: 
          Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ և վնասազերծվել: 


ԱՀ ՄԻՊ աշխատակազմ 
   20.12.2017

   «Ինչու՞ են Մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զապել Եսայանի փորձառությունը» խորագրով աշակերտական շարադրությունների մրցույթում տեղեր զբաղեցրած աշխատանքները

1-ին տեղ Մարատ Հայրապետյան      2-րդ տեղ Լինա Միրզոյան      3-րդ տեղ Սիրուն Գաբրիելյան 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   11.12.2017

Ամփոփվեցին մարդու իրավունքներին նվիրված երկրորդ աշակերտական մրցույթի արդյունքները

         Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները: 
          Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, մրցութային հանձնաժողովի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները, Զաբել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը: Տեսաուղերձով ներկաներին ողջունեցին մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ Հայ իրավաբանական միության խորհրդի անդամ Կարո Ղազարյանը: 
          Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարատ Հայրապետյանը, երկրորդ մրցանակային տեղը` Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լինա Միրզոյանը, իսկ երրորդ մրցանակային տեղը՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի 
          11-րդ դասարանի աշակերտուհի Սիրուն Գաբրիելյանը: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվել է iPod պլանշետով, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած մասնակիցը՝ iPod պլանշետով, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը՝ TSD ընկերության տրամադրած ArmPhone բջջայինով: 
          Եզրափակչի մյուս 9 մասնակիցների համար հատուկ մրցանակներ են սահմանել Հայաստանի և Արցախի օմբուդսմանները, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի առաջին մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ասոցիացիան (ԱՄՆ): Եզրափակչի մասնակիցները ստացել են նաև գրքեր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև «Անտարես» հոլդինգի կողմից: 
          Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են Թումո ստեղծարար կենտրոնի հայտարարած մրցույթում հաղթող դիզայնով շապիկներ, ինչպես նաև հուշանվերներ՝ Զ. Եսայանի ընտանիքի կողմից: 
          Հարկ է ընդգծել, որ այս տարի մրցույթի երկրորդ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը Արցախի շրջանների դպրոցականներ են: 
          Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների կատարումները: 
          Եզրափակիչ խոսքում Ռ.Մելիքյանը գոհունակությամբ ընդգծել է, որ մրցույթի աշխարհագրությունը մեծանում է, իսկ աշխատանքների որակը` բարձրանում: «Ուրախալի է, որ եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները», - նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաև խոստացել է, որ 2018թ. գարնանը մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտների համար կազմակերպվելու է կարճատև ուսումնական այց Երևան: 


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 



  
   20.10.2017

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Բրյուսելում մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հրավիրած կլոր սեղանին

          Հոկտեմբերի 20-ին Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրավիրել է կլոր սեղան-քննարկում, որին ելույթ են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Քննարկմանը մասնակցել են Եվրոպայի փորձագիտական և իրավապաշտպան հանրության ներկայացուցիչներ։ 
          Ռուբեն Մելիքյանն իր ելույթում ընդգծել է միջազգային իրավապաշտպան համայնքի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ Ռ.Մելիքյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ Պաշտպանը մասնավորապես կարևորել է մի քանի օր առաջ հրապարակված ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրը, որում ամրագրվել է ԱՀ-ում Մարդու իրավունքների ազգային ռազմավարություն մշակելու և կենսագործելու ԱՀ քաղաքական իշխանության հանձնառությունը։ Ռ.Մելիքյանը նշել է, որ ռազմավարության մշակման հարցում ակնկալում է լայն համագործակցություն միջազգային իրավապաշտպան համայնքի հետ։ 

 
   20.10.2017

Защитник прав человека Республики Арцах принял участие в организованном «Европейскими друзьями Армении» круглом столе в Брюсселе.

          20 октября «Европейские друзья Армении» организовали круглый стол в Брюсселе, в котором приняли участие министр иностранных дел Республики Арцах Масис Маилян и защитник прав человека Рубен Меликян. В обсуждении приняли участие представители правозащитного и европейского экспертного сообщества. Рубен Меликян в своем выступлении подчеркнул важность налаживания и развития отношений с международным сообществом в области прав человека. Р. Меликян представил общее положение в области прав человека в Арцахе, проблемы и шаги по их преодолению. В частности, Омбудсмен подчеркнул важность, принятой и опубликованной на днях, программы президента Республики Арцах 2017-2020 г., в которой закреплено решение политических властей Республики Арцах о разработке и осуществлении Национальной стратегии в области прав человека. 
          Р. Меликян отметил, что он ожидает широкого сотрудничества с международным сообществом в области прав человека в разработке стратегии. 

 
   23.09.2017

Պաշտպանը Բուխարեստում մասնակցել է «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» գլխավոր վեհաժողովին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 23-ին Բուխարեստում մասնակցել է «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» գլխավոր վեհաժողովին:

Պաշտպանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրությանը՝ քվեարկելով յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված անհատական քարտով:

Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցի պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան բողոքով դիմել է միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել է քաղաքական հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմենին քաղաքականացնել միջոցառումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում, որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում Պաշտպանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ կապերի հետագա ամրապնդման և այլ երկրներում տարբեր միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Նախորդ|Հաջորդ
1234





Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.