Հայերեն   English
 
   15.06.2018

Հայտարարություն հունիսի 15-ի հավաքի մասին

Այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և մի քանի այլ քաղաքացիներ սոցիալական ցանցերով տարածել են հայտարարություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին փաստացի հրավիրում են հավաք Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում:

Նույն օրը՝ մի քանի ժամ անց, ԱՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ իրազեկելով, որ «կազմակերպվելիք հավաքները իրականացվում են «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների կարգն ու պայմանները հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետի [հունիսին 13-ի] որոշման պահանջների խախտմամբ»: Ոստիկանությունը տվյալ իրազեկման համար հիմք է ընդունել նշված իրավական ակտի 1-ին կետը, որի համաձայն՝ «Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ քան 7 օր¸ և ոչ շուտ քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետարան»։

Նախապես հայտարարված ժամին նշված վայրում են եղել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և մի շարք քաղաքացիներ, որոնք փորձ են կատարել իրականացնել իրենց հայտարարած խաղաղ հավաքը: Նույն վայր է գործուղվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը, որն արձանագրել է հետևյալ փաստերը՝

1. ԱՀ ոստիկանության աշխատակիցները միջամտություն են իրականացրել խաղաղ հավաքի իրավունքի իրացման նկատմամբ՝ հայտարարելով, որ հավաքն իրավաչափ չէ, ինչպես նաև խոչընդոտելով աուդիո սարքավորումների օգտագործումը:

2. Ժամը 20:15-ի սահմաններում կազմակերպիչներին հաջողվել է սկսել խաղաղ հավաքը՝ առանց աուդիո սարքավորումների օգտագործման: Հավաքն այնուհետև ավարտվել է ժամը 21:00-ի սահմաններում՝ առանց լրացուցիչ միջադեպերի:

Նշված փաստերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝

1. ԱՀ ոստիկանության այն դիրքորոշմամբ, որ Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը պարտավոր է առնվազն 7 օր առաջ իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետարանին, մինչև հունիսի 20ն ընկած ժամանակահատվածի համար, քաղաքացիների վրա փաստացի դրվում է այնպիսի պարտականություն, որը նրանց համար չէր կարող սահմանված ժամկետում կանխատեսելի լիներ:

2. Հիմք ընդունելով մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար առկա իրավական բացը՝ պետական իրավասու մարմիններին առաջարկում ենք Ստեփանակերտի քաղաքապետի նշված որոշման 1-ին կետով սահմանված ժամկետային սահմանափակումն այդ ժամանակահատվածի համար մեկնաբանել ողջամիտ ժամկետի տրամաբանությամբ:

3.Պետական իրավասու մարմիններին կոչ ենք անում ողջամիտ ժամկետի պահանջի կենսագործումն ապահովել համապատասխան քաղաքացիների հետ երկխոսության միջոցով:

4.Վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հունիսի 12-ին համապատասխան օրենքի նախագիծը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքով սահմանված կարգով, դրվել է շրջանառության մեջ և, կարծիք ստանալու նպատակով, ուղարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.