Հայերեն   English
 
   04.11.2019

Հայտարարություն «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթ՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, դեկտեմբերի 10-ին ընդառաջ, հայտարարում է լուսանկարների և տեսանյութերի մրցույթ՝ «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 13-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 71-րդ տարեդարձերին:

Մրցույթն անցկացվում է Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուդիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացնելու են 120,000-ական, երկրորդ հորիզոնականին՝ 80,000-ական, իսկ երրորդ հորիզոնականին՝ 50,000-ական ՀՀ դրամ կամ դրանց համարժեք մրցանակներ:

Մրցույթի մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության դպրոցների բոլոր աշակերտները.
  • Լուսանկարները և տեսանյութերը պետք է վերաբերեն երեխաների իրավունքներին, իսկ թե կոնկրետ ինչ իրավունքի և ինչպիսի դրսևորմամբ՝ թողնվում է հեղինակի հայեցողությանն ու ստեղծագործականությանը.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարի ու տեսանյութի հեղինակը պետք է տվյալ մասնակիցը լինի, իսկ այդ առումով կասկածի առկայության դեպքում կազմակերպիչները կարող են լրացուցիչ ապացույցներ պահանջել հեղինակից.
  • Մրցույթին ներկայացվող լուսանկարները և տեսանյութերը չպետք է որևէ տեղ հրապարակված լինեն.
  • Լուսանկարները պետք է ունենան նկարագրություն (150 բառից ոչ ավելի), իսկ տեսանյութերը՝ վերնագիր, որոնք կարտացոլեն ներկայացվող նյութի հիմնական ասելիքը.
  • Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի 2 րոպեն.
  • Լուսանկարի ծավալը չպետք է գերազանցի 10 մեգաբայթը, իսկ տեսանյութի ծավալը՝ 200 մեգաբայթը.
  • Նկարահանման համար կարելի է օգտագործել ցանկացած սարք.
  • Մեկ մասնակիցը կարող է ուղարկել մեկական լուսանկար և (կամ) տեսանյութ:

Վերոնշյալ պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն ընդունվելու, իսկ եթե հրապարակվելուց հետո պարզվի, որ մրցույթի մասնակիցը ներկայացրել է կեղծ տվյալ կամ կատարել է կանոններին չհամապատասխանող գործողություն, ապա նյութը հեռացվելու է մրցույթից, իսկ տվյալ անձին չի թույլատրվելու մասնակցել հետագա մրցույթներին:

Մրցույթի ընթացակարգը հետևյալն է՝

  • Լուսանկարներն ու տեսանյութերը պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ուղարկվեն info@ombudsnkr.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կա՛մ կից ֆայլով, կա՛մ հղմամբ: Նամակի մեջ պետք է նշվի լուսանկարի նկարագրությունն ու տեսանյութի վերնագիրը, հեղինակի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, դպրոցի անվանումը, հեղինակի բնակության հասցեն և հեռախոսահամարը, իսկ նամակի վերնագրի դաշտում պետք է գրվի մասնակցի անուն ազգանունը և մրցույթի խորագրի անվանումը.
  • Նամակը ստանալուց հետո Պաշտպանի աշխատակազմը 24 ժամվա ընթացքում կհրապարակի նյութը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ (https://www.facebook.com/ArtsakhOmbuds/). պատասխան նամակով ծանուցելով մասնակցին հայտի ստացման մասին:
  • Դեկտեմբերի 3-ի ժամը 24:00-ի դրությամբ ամփոփվելու են ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարների և տեսանյութերի ստացած հավանումները, և ամենաշատ հավանում ստացած 8-ական լուսանկարներն ու տեսանյութերն անցնելու են երկրորդ փուլ.
  • Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը քննելու է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ հավանումներին արժանացած 8-ական լուսանկարներն ու տեսանյութերը՝ խորագրին համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչների հիման վրա որոշելով լուսանկարի ու տեսանյութի անվանակարգերի լավագույն 3 հայտերը: Մրցութային հանձնաժողովի կազմում են մի խումբ հանրային գործիչներ Արցախի ու Հայաստանի Հանրապետություններից և Սփյուռքից:
  • Ս.թ. դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարելու է հաղթողների անունները՝ նրանց տրամադրելով նախատեսված մրցանակները: Կսահմանվեն նաև խրախուսական մրցանակներ:

Մրցույթին ներկայացնելով իրենց հեղինակած լուսանկարներն ու տեսանյութերը՝ մասնակիցները դրանով համաձայնություն են տալիս, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարող է տվյալ նյութերն օգտագործել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրազեկման ցանկացած աշխատանքներում:

Լրացուցիչ պարզաբանումների համար պետք է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ +374 (0) 47-979046 հեռախոսահամարով կամ info@ombudsnkr.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.