Հայերեն   English
 
   25.06.2014

«Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է»

            


    Արցախում սկսվում է «Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է» խորագրով ակցիան:

    ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սպասում է երեխաների անվտանգությանը սպառնացող խաղահրապարակների մասին տեղեկություններ:

    Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում նախնական, առայժմ, ոչ խորացված ուսումնասիրություն են իրականացրել, ինչի արդյունքում մանկական խաղահրապարակները դասակարգվել են հետևյալ կերպ.

  1. լավ,
  2. բավարար,
  3. վտանգավոր:

    Լավերն, որոնք քչաթիվ են, առավել պարկեշտ տեսք ունեն և երեխաներին այնտեղ մենակ թողնելը ծնողի համար այդքան էլ սարսափելի չէ:

    Բավարարները, որոնք փոքր ինչ ավել են, արդեն հասցրել են բավականին մաշվել, «հարստանալ» նորաոճ graffiti «արվեստով» և կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն, սակայն, երևի թե` անվտանգ են երեխաների համար:

    Վտանգավորների մասին խոսքը հատուկ է. ծռված ճոճանակներ, քանդվող սահարաններ, ոչ կայուն (շարժվող) ֆուտբոլային դարպասներ: Տվյալ տխուր պատկերը լրացնում են սուր անկյունները, ձողերով ցանկապատերը, դուրս ցցված երկաթե գամասեղներն և այլն: Այդպիսիք, ցավոք, գերակշռող մասն են կազմում: Առաջին և երկրորդ խմբին դասվողներն ամենաքչաթիվն են:

    Երեխայի անվտանգությանը սպառնացող տարրերը միշտ չեն աչքի ընկնում, սակայն, զգուշավոր ծնողներն, իհարկե, նկատում և գերադասում են երեխաների հետ զբոսանքի ժամանակ շրջանցել այդ վտանգը: Մինչդեռ, անհրաժեշտ է ոչ թե շրջանցել, այլ անհապաղ արձագանքի միջոցներ ձեռնարկել:

    Վերոնշյալը գնահատելով որպես երեխայի անվտանգությանն իրական սպառնալիք պարունակող` առաջարկում եմ վտանգավոր խաղահրապարակների հիմնախնդիրը համատեղ ջանքերով լուծել, ինչի համար բոլորիդ խնդրում եմ ոչ որակյալ խաղահրապարակների լուսանկարներն ուղարկել ombudsmen-nkr@mail.ru էլեկտրոնային փոստին կամ հրապարակել ֆեյսբուքի էջի պատին:

    Հավաստիացնում եմ` «Զգու՛յշ, մանկակա՛ն խաղահրապարակ է» շարքի բոլոր լուսանկարները, միջոցներ ձեռնարկելու նպատակով, պաշտոնապես կփոխանցվեն տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

    Ավելացնեմ նաև, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են և դրանց արդյունքում իմ կողմից երեխաների իրավունքների խախտումները դադարեցնելուն ուղղված որոշում կկայացվի: Սակայն, մինչև այդ բավականին ժամանակատար ուսումնասիրություններն ավարտելը` կոչ եմ անում բոլոր շահագրգիռ մարմիններին իրավիճակից բխող անհետաձգելի միջոցներ ձեռնարկել:













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.