Հայերեն   English
 
   01.09.2016

ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ

   Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի և դպրության օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը այցելել է Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց և ավագ դասարանների աշակերտների համար անցկացրել է բաց դաս` <<Արցախի անկախության 25-ամյակը և մարդու հիմնարար իրավունքները>> թեմայով: 

   Շնորհավորելով տոների առթիվ` Պաշտպանը կարևորել է գիտելիքներ ստանալու մոտիվացիան և կոչ արել ձեռքբերածով երբեք չբավարարվել: Պաշտպանն ընդգծել է, որ Արցախի քաղաքացիների նոր սերունդը պետք է միշտ հիշի այն զրկանքները, որոնց գիտակցաբար գնացել է 25 տարի առաջ Անկախությունը հռչակած և պաշտպանած ավագ սերունդը, և որ եկել է նոր սերնդի հերթը սեփական աշխատանքով ամրապնդելու հայրենի պետականությունը: Այնուհետև Ռ.Մելիքյանը խոսել է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, Արցախում դրանց պաշտպանվածության վիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Պաշտպանի գործունեության մասին: Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար, նախ, պետք է գիտակցել դրանց կարևորությունը` որպես պետականակերտ գործոն, իսկ որպես իրավունքի ոլորտում հանրային գիտակցության իր պատկերացրած ուղենիշ` համարել է այն վիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար մյուս քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքը նույնքան կարևոր է, որքան սեփական իրավունքների նկատմամբ հարգանքը: Պաշտպանը ներկաներին կոչ է արել մտածել այդ ուղղությամբ և հետևություններ կատարել: 

   Հանդիպման ավարտին Ռ.Մելիքյանը հայտարարել է դպրոցական շարադրությունների մրցույթ` «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր» խորագրով, որին կարող են մասնակցել Արցախի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների և ավագ դպրոցների բոլոր աշակերտները: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2016թ. դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: Շարադրությունները կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հանրային գործիչներ, իսկ հանձնաժողովը նախագահելու է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յու.Հայրապետյանը: Օմբուդսմենը հավելել է, որ շարադրությունները գնահատելիս կարևորվելու են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ստեղծագործական մոտեցումը, շարադրանքի անմիջականությունն ու տրամաբանականությունը, ինչպես նաև աշխատանքի ինքնուրույնությունը, իսկ լավագույն շարադրությունների համար սահմանվելու են արժեքավոր մրցանակներ: Աշխատանքները կարող են էլեկտրոնային կամ թղթային ձևով ներկայացվել ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմ` մինչև նոյեմբերի 1-ը, իսկ մրցույթի անցկացման մյուս պայմանները կհրապարակվեն լրացուցիչ:

 

 ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

01.09.2016թ 













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.