Հայերեն   English
 
   11.05.2017

Պաշտպանը Բուդապեշտում մասնակցել է միջազգային համաժողովի

     Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։ 
     Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։ Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ.Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Ռ.Մելիքյանը նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։ 

Արցախի ՄԻՊ աշխատակազմ












 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.