![]() |
![]() |
![]() |
|
![]() |
10.03.2018 International Human Rights Defence Committe անունով կազմակերպությունը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին՝ նշելով, թե նրանք «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը լավ տեղեկացված է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններից, գիտի, թե դրանցից որոնք են հետաքրքրված ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մարդու իրավունքներով, բայց առաջին անգամ է լսում International Human Rights Defence Committee կազմակերպության մասին: Ամեն դեպքում, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծանոթանալով այս կազմակերպության հաղորդագրության բովանդակությանը, տպավորություն է ստացել, որ այն ավելի շատ քաղաքական բնույթի հայտարարություն է, քան՝ իրավապաշտպան: «Ես մի պահ անգամ կասկածեցի՝ ճի՞շտ տեքստ եմ կարդում, թե՞ ոչ: Մտածեցի գուցե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունն է, որովհետև բովանդակությունը զուտ քաղաքական էր: Սա խիստ կասկածելի աղբյուր է: Անհրաժեշտ էլ չեմ համարում մեկնաբանել հայտարարության բովանդակությունը»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: Հարցին՝ արդյոք ակնարկում եք, թե Ադրբեջանն է կանգնած այս կազմակերպության հաղորդագրության հետևում, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց հակիրճ. «Ես ուսումնասիրել եմ տվյալ կազմակերպության կայքը, սոցիալական ցանցերում նրանց ներկայացվածությունը և խոսուն հրապարակումներ եմ տեսել»: Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական հիմնարկում: Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ինքը պարբերաբար այցելում է Շուշիի քրեակատարողական հիմնարկ և նրանց հետ, իր մանդատին համապատասխան, կոնֆիդենցիալ հանդիպումներ է անցկացնում: «Կարող եմ վստահեցնել, որ վատ վերաբերմունքի դրսևորումներ Ադրբեջանի երկու քաղաքացիների պահման պայմաններում արձանագրված չեն»,- շեշտեց Մելիքյանը: Նրա խոսքով՝ սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ վերջինը, երբ մարդու իրավունքներին վերաբերող հռետորաբանությունն ուղղորդվում է մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունեցող նպատակներով: Ընդ որում, Արցախի ՄԻՊ-ի դիտարկմամբ, սա ոչ միայն մեր տարածաշրջանին վերաբերող, այլ համընդհանուր խնդիր է: Հիշեցնենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել, լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ և վնասազերծվել: ԱՀ ՄԻՊ աշխատակազմ
|
Copyright © www.ombudsnkr.am 2011-2018 Website developed by CompService Ltd. |