Հայերեն   English
 
   23.09.2017

Պաշտպանը Բուխարեստում մասնակցել է «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» գլխավոր վեհաժողովին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 23-ին Բուխարեստում մասնակցել է «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» գլխավոր վեհաժողովին:

Պաշտպանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրությանը՝ քվեարկելով յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված անհատական քարտով:

Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցի պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան բողոքով դիմել է միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել է քաղաքական հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմենին քաղաքականացնել միջոցառումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում, որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում Պաշտպանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ կապերի հետագա ամրապնդման և այլ երկրներում տարբեր միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:













 

 

 

 

 

 

 






Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.