Հայերեն   English
 
   04.03.2017

Հայտարարություն

 

         Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ: Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:                        

          Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ Արդբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ:                                                                                                          

          Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ (տեսագրությունը հասանելի է https://youtu.be/PGu1jUalsRA հասցեով)։                                                                         
          Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը:                                                          
          Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած: Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:07-0:21 վայրկյաններ): Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով:          

          2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ:


Ծանոթագրություն. 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերը մանրամասն փաստագրվել և հանրությանն են ներկայացվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երեք փաստաթղթերով.

1) ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին (22.04.2016թ.)

(http://ombudsnkr.am/Interim_Public_Report_NKR_Omb_FINAL.pdf)

2) ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը Իրավական գնահատական. Խաղաղ բնակչությանը՝ որպես վահան օգտագործելու փաստի և ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարչակումների մասին (02.05.2016թ.)

(http://ombudsnkr.am/Legal_Assessment_May_2_human_shielding_use_of_indiscriminate_weapons_FINAL.pdf)

3) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած ռազմական ծանր հանցանքների վերաբերյալ (09.12.2016թ.)

(http://www.ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf):

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

   21.02.2017

Հանդիպում միջազգային դիտորդների հետ

  

     2017թ. փետրվարի 19-ին և 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային մի քանի դիտորդների հետ: 
     ԱՄՆ-ից Արցախ ժամանած Կարին Մակդոնալդի և Գեյլ Փելլերինի հետ հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Պաշտպանը ներկայացրել գործող Սահմանադրության և նախագծի միջև առկա` մարդու իրավունքների ոլորտին առնչվող հիմնական տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանություններին և Եվրոպա կատարած այցի արդյունքներին: 
     Դիտորդները Պաշտպանին ուղղել են մի շարք հարցեր հանրաքվեի գործընթացը կարգավորող օրենսդրության վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են այն քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացման հարցերը, ովքեր առողջական պատճառներով ընտրական տեղամաս այցելելու օբյեկտիվ հնարավորություն չունեն: 
     Այնուհետև, Ռ.Մելիքյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետությունից ժամանած անկախ դիտորդ Օսկար Լոպես Գոլդարասենայի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես նոր Սահմանադրության հանրաքվեին, այնպես էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական կարգավիճակին, Պաշտպանի աշխատակազմ մուտքագրվող դիմումների բնույթին վերաբերող հարցեր: 
     Փետրվարի 20-ին Արցախի Օմբուդսմենը հանդիպել է Գերմանիայից դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բացակայության հետևանքներին վերաբերող հարցեր: Ռ.Մելիքյանն ընդգծել է, որ Արցախում հեղինակավոր իրավապաշտպան կառույցների գործունեությունը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար: 

     Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
   16.02.2017

Հայտարարություն

     2017թ. փետրվարի 20-ին` Արցախում նոր Սահմանադրության հանրաքվեի օրը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի «թեժ գիծ»` 2017 հեռախոսահամարով: 
     «Թեժ գծի» նպատակը հանրաքվեին մասնելցելու իրավունքին, ինչպես նաև ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության ազատ իրականացմանը վերաբերող դիմումներին արագ արձագանքելն է: 

     Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
   15.02.2017

Պաշտպանը հանդիպել է «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» գլխավոր քարտուղարի հետ

 

     Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։ 
     Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։ 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   10.02.2017

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:


     Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի: 
     Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների եւ լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից եւ այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով: 
     Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման: Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար. այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները: 
     Վերը նշվածից բացի, Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու իրական հնարավորության պատճառով: 
     Ա.Լապշինի նկատմամբ վատ վերաբերմունքի ակնհայտ վկայություն է այն, որ նրա ձերբակալումը եւ մեկ այլ տարածաշրջան տեղափոխելը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով՝ ձեռնաշղթայված, բերման ենթարկելը դիմակավորված եւ զինված զինվորականների կողմից: Լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է: 
     Հատկապես անհանգստացնող է այն, որ որոշ լրագրողներից արդեն իսկ ստացվող մի շարք տեղեկությունների համաձայն՝ որոշ անձինք նամակներ են ուղարկում լրագրողների՝ սպառնալով հետապնդման ենթարկել նրանց իրենց լրագրողական գործունեության համար: 
     Անընդունելի է օգտագործել այս անթույլատրելի քայլը արհեստական հետապնդումների եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավունքների ոտնահարման նպատակով: 
     Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը ողջունում է ցանկացած տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում եւ այլ տարածաշրջաններում խոսքի ազատությունը պաշտպանող արձագանքները, որոնք արդեն իսկ արվել են ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների հարցերով հատուկ ներկայացուցչի, եվրոպական առանձին պաշտոնյաների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: 
     Նմանատիպ անթույլատրելի պրակտիկան կանխելու համար այն պետք է հակադարձվի խիստ դատապարտմամբ:
   08.02.2017

Հայտարարություն

     Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին: 
     Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին: 
     Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար: 
     Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նվիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին:
   03.02.2017

Հայտարարություն

   
  Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: 
     Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ 
     Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
   31.12.2016

ЗАЯВЛЕНИЕ

   30-ого декабря МИД Азербайджана распространил заявление относительно инцидента на армяно-азербайджанской границе. В заявлении, помимо прочего, упоминаются обстоятельства апрельской агрессии Азербайджана в отношении Арцаха. Так, МИД Азербайджана заявил: "На телах погибших в ходе апрельских событий <...> военнослужащих были выявлены многочисленные элементы пыток, совершенных уже после смерти, <...>". 
   В первую очередь необходимо отметить, что высказывание "пытк[и], совершенны[е] уже после смерти" противоречит нормальной логике и нуждается в разъяснении, так как согласно общепринятой международно-правовой дефиниции, "пытки" могут совершаться только над живыми. 
   Следует также отметить, что омбудсмен Республики Арцах недавно опубликовал детальный доклад (http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf), представив факты многочисленных военных преступлений (пытки, карания смертью, глумления над телами убитых) в отношении мирных жителей Арцаха и военнослужащих Армии Обороны НК. 
   Миссия по сбору фактов всё ещё продолжается. 
   Исходя из вышесказанного и решительно осуждая любые проявления военных преступлений, заявляю, что в рамках своей компетенции готов тщательно рассмотреть любые заявления о военных преступлениях в отношении гражданских лиц или военнослужащих любой из сторон в ходе апрельской войны. Однако для этого необходимо, чтобы Азербайджанская сторона представила или опубликовала конкретные обстоятельства "пыток" (конкретные увечья в отношении конкретных лиц, а также обстоятельства их попадания под контроль НКР). 

   Защитник прав человека НКР
   29.12.2016

   Ձեզ ենք ներկայացնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած շարադրությունների անգլերեն տարբերակները: Թարգմանությունն իրականացրել է Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակը: 

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   19.12.2016

   Ներկայացնում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի լավագույն երեք շարադրությունները: 

1-ին տեղ      2-րդ տեղ      3-րդ տեղ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նախորդ|Հաջորդ
1234





Copyright © www.ombudsnkr.am 2011-2018
Website developed by CompService Ltd.