Հայերեն   English
 
   19.07.2017
   
   2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։
   Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։
   Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։
   Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։

   Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմ
   17.06.2017
      

   ԱՄՆ «Հայ իրավաբանական միության» (Armenian Bar Association) հրավերով Արցախի ՄԻՊ-ը հունիսի 9-ից 14-ը այցելել է Քալիֆորնիա։
   Հունիսի 9-11-ը Ռ.Մելիքյանը մասնակցել է միության 28-րդ տարեկան համաժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ առանձին պանելային քննարկում։ Բանախոսներն են եղել Ռ.Մելիքյանը, ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը, և Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալ Էմի Աշվանյանը։ Քննարկվել են Սփյուռքի մասնագիտական կառույցների կողմից Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը ներգրավվելու կոնկրետ ծրագրեր։
   Հունիսի 13-ին Գլենդեյլի Հ.Ե.Դ. դահլիճում Ռ.Մելիքյանը հրապարակային հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որն ընթացել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա Խաչատրյանի հետ հարցազրույցի ձևաչափով։ Հանդիպման վերջում Ռ.Մելիքյանը պատասխանել է ներկաների հարցերին։
   Հունիսի 14-ին Ռ.Մելիքյանը ՀԻՄ «Հայկական իրավունքների կոմիտեի» ղեկավար Գարո Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Գլենդեյլ քաղաքի ոստիկանություն, դրան կից ՁՊՎ, ինչպես նաև քաղաքապետարան, ծանոթացել ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քաղաքապետարանում ներկա է եղել Քաղաքացիական ծառայության խորհրդի նիստին։
   Նորաստեղծ «Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի» (Artsakh Human Rights Foundation) հրավերով Ռ.Մելիքյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ձեռք է բերվել հիմնադրամի հետ Արցախի ՄԻՊ հաստատության ռազմավարական գործակցության պայմնավորվածություն։ Ռ.Մելիքյանն ընդգծել է, որ Հիմնադրամի ձևավորումը դիտարկում է որպես Սփյուռքի յուրօրինակ արձագանք Արցախում ծրագրեր իրականացնելուց խուսափելուն ուղղված առանձին իրավապաշտպան կառույցների քաղաքականությանը։ Մարդու իրավունքների երաշխավորմանն աջակցող հատուկ հիմնադրամի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Արցախի քաղաքացիների համար իրականացնել այն ծրագրերը, որոնցից օգտվելու հնարավորությունը ժամանակավորապես բացակայում է։

   ԱրՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   13.09.2016
               

   Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Մատաղիսում, Մատաղիսի ջրամբարի տարածքում և Ալաշանում
   Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
   Այդ աշխատանքի շրջանակներում երկու Պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ:
   Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները:
   Արցախի և Հայաստանի Պաշտպաններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ:
   Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին:
   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

   Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

   
   12.07.2016
Մամուլի հաղորդագրություն

   Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով:
   Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին, ինչպես նաև այցելել է կիսաբաց, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցեր` դատապարտյալներին առաջարկելով ունենալ առանձնազրույց իր կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
   Քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ առկա են դատապարտյալների բացօդյա զբոսանք իրականացնելու և առանձին մարզաձևերով զբաղվելու համար կահավորված տարածքներ, պատշաճ վիճակում գտնվող լոգասենյակներ, գործառնական նշանակություն ունեցող այլ ընդհանուր տարածքներ: Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ բացակայում են արտախցային աշխատանք կատարելու ենթակառուցվածքներ:
   Պատժախցեր այցելելու արդյունքում պարզվել է, որ հիգիենայի պահանջներն ընդհանուր առմամբ պահպանված են, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցերում առկա են սարքին ռադիոընդունիչներ, իսկ կիսաբաց ռեժիմում` նաև հեռուստացույց: Միևնույն ժամանակ, կիսափակ և փակ ռեժիմի որոշ խցերում արձանագրվել են մեկ դատապարտյալին բաժին հասնող մակերեսին վերաբերող խնդիրներ:
   Տասներկու դատապարտյալ առանձնազրույցի ցանկություն է հայտնել, և քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն: Բոլոր 12 դատապարտյալները լսվել են, նրանց ներկայացրած հարցերն արձանագրվել են և դրանց կապակցությամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի ուսումնասիրություն: Առանձին դեպքերում դատապարտյալներին տրվել են իրավական պարզաբանումներ: Առանձնազրույցի ընթացքում մեկ դատապարտյալ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր դիմում:
   Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ բոլոր դատապարտյալներին տրամադրվում է ամենօրյա բացօդյա զբոսանքից օգտվելու հնարավորություն, որից բոլորը պարբերաբար և ինքնուրույնաբար օգտվում են: Ոտքի հեռացում ունեցող մեկ դատապարտյալ այդ հնարավորությունից օգտվում է հենասայլակի միջոցով:
   Առանձնազրույցների ընթացքում չեն ներկայացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից դիտավորյալ վատ վերաբերմունք դրսևորելու, այդ թվում` ֆիզիակական ուժ կիրառելու մասին բողոքներ:
   Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնարկի տարածքում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակների համար առանձին փոստարկղ տեղադրելու, ինչպես նաև զբոսանքի համար նախատեսված տարածքները պտտաձողերով և անձրևից պատսպարող ծածկերով կահավորելու մասին:
   Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը մշտապես պահելու է ուշադրության կենտրոնում` իր իրավասության սահմաններում նպաստելով միջազգային ինչպես պարտադիր, այնպես էլ խրախուսելի չափանինիշների լիարժեք ապահովմանը: Այդ նպատակը նվաճելու համար Պաշտպանը պատրաստ է համագործակցել ինչպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այնպես էլ միջազգային մասնագիտացված կառույցների հետ։
   29.06.2016
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում։

   Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում։ Ռ.Մելիքյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆլամանդական օմբուդսմեն Բարթ Վիկերսի (հունիսի 28-ին) և ֆրանսախոս համայնքի ու Վալոնիայի օմբուդսմեն Մարկ Բերտրանի հետ (հունիսի 29-ին)։ Բելգիայի երկու հիմնական մարզերը և լեզվական համայնքները ներկայացնող օմբուդսմենների հետ հանդիպումների ընթացքում Ռ.Մելիքյանը նշել է, որ Օմբուդսմենի ինստիտուտը, լինելով սահմանադրական նոր կառույց, ունենալով ընգծված ապաքաղաքական բնույթ, օժտված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման, դրանց խախտումների կանխարգելման և արդյունավետ վերացման, առհասարակ՝ հանրային արժեքների հավասարակշռման լայն գործիքակազմով ու մեծ ներուժով, որը կարող է լիարժեքորեն կենսագործվել միայն քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտ փոխգործակցության պայմաններում։ Արցախի օմբուդսմենը բելգիացի գործընկերներին համառոտ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի արցախյան ինստիտուտի կայացման ուղին, իրավական վիճակը, առաջնահերթությունները, պաշտպանի և աշխատակազմի առջև կանգնած խնդիրները։ Ֆլամանդական օմբուդսմենը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի փորձը, հատկապես կարևորել է օմբուդսմենի միջնորդական ու հաշտարար գործառույթը, ինչպես նաև հանրային իշխանության լիազորությունների ու վարչական ընթացակարգերի մասին «թեժ գծի» միջոցով քաղաքացիներին իրազեկելու համակարգը։
   Հանդիպումների վերջում Արցախի օմբուդսմենը ընդգծել է գործընկերների միջև շփումներ հաստատելու և պահպանելու կարևորությունը՝ կուտակված դրական փորձի փոխանակման և տեղայնացման նպատակով։ Ռ.Մելիքյանը մասնավորապես նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարելու է ուսումնասիրել «թեժ գծի» կազմակերպման ֆլամանդական մոդելը՝ Արցախում դրա ներդրման հնարավորությունը գնահատելու նպատակով։
   Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին Արցախի օմբուդսմենին ուղեկցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, հանձնախմբի աշխատակիցներ Պետո Դեմիրճյանը, Հեղինե Էվինյանը և Աշխեն Ֆիքսովան։
   22.06.2016
Ճանաչողական հանդիպում Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ

   Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչի հետ, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործունեության հիմնական ուղղությունները։
   Ռ.Մելիքյանն ընդգծել է ԿԽՄԿ նշանակությունը՝ որպես միջազգային-իրավական յուրահատուկ մանդատ ունեցող և ողջ աշխարհում բացառիկ առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպության։ ԼՂՀ օմբուդսմենը նաև գոհունակություն է հայտնել, որ Կարմիր խաչն Արցախում իրականացնում է ծավալուն գործունեություն՝ հավատարիմ կազմակերպության հիմքում ընկած սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը, որոնց անշեղ պահպանումը ԿԽՄԿ գործունեության արդյունավետության գրավականն է։ Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շփումներ պահպանելու և մասնագիտական փոխգործակցություն իրականացնելու մասին:
   09.06.2016
Մամուլի հաղորդագրություն

   Հունիսի 8-ի առավոտյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին։
   Օմբուդսմենի խնդրանքով պատգամավորը ներկայացրել է իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողությունները։ Մասնավորապես, Խանումյանը նշել է, որ քննիչի որոշմամբ ինքը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, ծանոթացվել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը։ Պաշտպանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Խանումյանն ունի քրեական գործով շահերի ներկայացուցիչ։ Պատգամավորը նշել է, որ այդ պահի դրությամբ քրեական գործով իր շահերը ներկայացնում է անձամբ։
   Այցելության ավարտին մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրել է, որ գործով վարույթի ընթացքը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում՝ հունիսի 6-ի իր հրապարակային հայտարարությանը համապատասխան։
   Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
09.06.2016թ.
   12.05.2016
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը:
Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների հետևանքներին, մասնավորապես` քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել գյուղերի դպրոցները:
Այցի ընթացքում Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև տեղի բնակիչներին, որոնք արտահայտել են իրենց խիստ մտահոգությունն ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ:

      
   03.05.2016
   
Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միջազգային արձագանք ստացած զեկույցը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ


   Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
   Զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և ճշգրիտ ձևակերպումներով փաստաթուղթ:
   Զեկույցում փաստարկված վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:


Զգուշացում. Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դաժանության դեպքերի նկարագրություններ, որոնք պահանջում են զգուշացում: Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Շուշի, մայիս, 2016թ.
   02.05.2016
Իրավական գնահատական

Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու փաստերի վերաբերյալ


   ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ: Ընդ որում, վերջին դեպքում հարցը քննարկվում է հենց Ադրբեջանի կողմից իր իսկ պոզիտիվ պարտականությունները չկատարելու և դրա համար պատասխանատվություն կրելու տեսանկյունից:
   Իրավական գնահատականում մանրամասն հիմնավորվում է, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները: Մասնավորապես, միջազգային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության հիման վրա հիմնավորումներ են բերված, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ուղիղ հակասության մեջ են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի՝ միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների հետ:
   Դրանից բացի, հիմնավոր ցույց է տրված, որ Ադրբեջանն ինքը օգտագործում է՝ սեփական քաղաքացիական բնակավայրերը՝ որպես թիրախ և դրանով իսկ չի կատարում սեփական բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը:
   Կատարված վերլուծության արդյունքները կներկայացվեն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան մյուս կազմակերպություններին և օմբուդսմենական միջազգային ու օտարերկրյա հաստատություններին:

Իրավական գնահատականը պատրաստված է անգլերեն լեզվով:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան
Ք. Շուշի, 2 մայիսի, 2016 թվական
   27.04.2016
Օմբուդսմանի Եվրոպական Ինստիտուտը հանդես է եկել ադրբեջանական դաժանությունները քննադատող պաշտոնական հայտարարությամբ և հրապարակել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը


   Օմբուդսմանի Եվրոպական Ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
   EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Օմբուդսմանի Եվրոպական Ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:
   EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները:
   Օմբուդսմանի Եվրոպական Ինստիտուտը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում Եվրոպայում գործող կարևորագույն կառույցներից է: Նշենք, որ ԼՂՀ օմբուդսմանը 2009 թվականից EOI անդամ է:
   22.04.2016
Защитник прав человека НКР представил международным структурам свой промежуточный доклад о фактах жестокости,допущенных азербайджанской стороной


   Вчера,21 апреля 2016 года,был опубликован промежуточный публичный доклад защитника прав человека НКР о фактах жестокости,допущенных азербайджанскими вооруженными силами 2-5 апреля с.г. в отношении мирного населения Нагорного Карабаха.
   Сегодня доклад был направлен международным организациям в области прав человека,в том числе,-Комис- сарам по правам человека ООН и Совета Европы,спецдокладчику ООН по вопросам пыток,БДИПЧ ОБСЕ,в Европейский Институт Омбудсмана,Международный Институт Омбудсмана и т.д.Доклад направлен также Human Rights Watch,Amnesty International,Association for the Torture и ряду других авторитетных международных правозащитных организаций.
   22.04.2016
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին


   Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
   Այսօր զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին և այլն: Զեկույցը նաև ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
   22.04.2016
Ссылка журнала "Европейский омбудсман" на промежуточный доклад защитника прав человека НКР

   Журнал "Европейский омбудсман" российского агенства по развитию региональных социально-правовых коммуникаций "Диалог" в очередном номере разместил промежуточный доклад защитника прав человека НКР о фактах жестокости, допущенных вооруженными силами Азербайджана в отношении мирного населения и воинов Армии обороны НКР в период со 2-ого по 5-ое апреля 2016 года.

   "В докладе анализируется политика азербайджанской ненависти к людям армянского происхождения и ее ужасные последствия, с некоторыми примерами применения пыток и унижения, которые нарушают все международные стандарты в области прав человека. Доклад содержит объективные оценки международных правозащитных организаций политики Азербайджана в подстрекательстве к ненависти и насилию по отношению к людям армянской национальности”,-цитирует журнал защитника прав человека НКР, подчеркивая, что незаконной палитикой властей Азербайджана нарушаются фундаментальные требования международного гуманитарного права.

   Журнал Европейский омбудсман издается при информационной поддержке Европейского Института Омбудсмана, сотрудничает с международными правозащитными организациями и распространяется во многих странах мира, в том числе- в постсоветских республиках.

   С публикацией "Омбудсмен НКР представил доклад о зверствах азербайджанских военных" можете ознакомиться здесь.

   22.04.2016
"Европейский Омбудсман" պարբերականի անդրադարձը
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցին

   Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային սոցիալ-իրավական հաղորդակցությունների զարգացման «Դիալոգ» գործակալության «Европейский омбудсман» պարբերականն իր հերթական համարում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին միջանկյալ զեկույցը:

   Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականներըե,- մեջբերելով ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ պարբերականը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերը:

   «Европейский омбудсман» պարբերականը հրատարակվում է Օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի տեղեկատվական աջակցությամբ և տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում:

   "Омбудсмен НКР представил доклад о зверствах азербайджанских военных" hրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
   21.04.2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցը
ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին

Հարգելի գործընկերներ,

   Սույն թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով:
   Այսօր հրապարկվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
   Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը:
   Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
   Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային և արտերկրյա հաստատություններին:
   Շնորհակալություն եմ հայտնում զեկույցի կազմման ընթացքում մեզ աջակցություն ցուցաբերած՝ ԼՂՀ քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև լրատվության բոլոր այն միջոցների ներկայացուցիչներին, ում հրապարակումներում վեր են հանված ադրբեջանական զինված ուժերի իրականացրած՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վայրագ դեպքերը:
   
   Զգուշացում. Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դեպքերի նկարագրություններ, որոնք նախատեսված չեն 18-ից ցածր տարիքի անձանց համար: Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում:
   
Հարգանքով՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան
Շուշի, 21.04.2016թ.
   02.04.2016
   Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսել է ուխտադրույժ հարձակողական գորոծողություններ, օգտագործելով հրետանի զրահատեխնիկա և օդուժ, ևս մեկ անգամ բացահայտելով այդ պետության զավթողական էությունը:
   Ցինիկաբար արհամարհելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները և հավատարիմ մնալով իր հակամարդկային քաղաքականությանը, հարևան երկիրն ակտիվորեն օգտագործում է քաղաքակիրթ հասարակության կողմից դատապարտվող` ռազմական գործողությունների այնպիսի կեղտոտ մեթոդ, ինչպիսինն է քաղաքացիական օբեկտների ու բնակավայրերի հրետակոծումը, ինչի հետևանքով, ցավոք, կան զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների շրջանում:
   Կոչ եմ անում ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գլխավոր Հանձնակատարին, Եվրախորհրդի` մարդու իրավունքների Հանձնակատարին, մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մարդասիրական հարցերով զբաղվող միջազգային բոլոր կառույցներին, միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի բարբարոսական գործողությունները և ստիպել նրան դադարեցնել անհապաղ դրանք:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յու.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
   22.09.2015
   Սույն թվականի սեպտեմբերի 21-ին Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի մայրաքաղաք Մայնցում տեղի է ունեցել Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի հերթական հաշվետու-ընտրական ընդհանուր ժողովը, որին մասնակցել էր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:
   Ժողովն ընտրեց կազմակերպության նոր ղեկավար մարմիններ. վարչության 18 անդամներ ընտրեցին ինստիտուտի գլխավոր քարտուղարին, նախագահին և նրա երկու տեղակալներին: Նախագահ Բուրգի Վոլգերի /Իտալիայի Հարավային Տիրոլի նախկին օմբուդսմեն/ փոխարեն ՕԵԻ նախագահ ընտրվեց Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի օմբուդսմեն Դիտեր Բուրգարդը, նրա երկու տեղակալներ ընտրվեցին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի օմբուդսմեն Ալեքսանդր Շիշլովը և Սերբիայի Նովի Սադ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Դրագոն Միլկովը:
   Ինստիտուտի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց դոկտոր Ջոզեֆ Զիգելեն /Ավստրիա/:
   22.08.2015
   2015թ. օգօստոսի 19-21-ը Արցախի հանրապետությունում էին գտնվում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատվիրակությունը՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ:
   Այցելության ընթացքում երկու պետությունների Օմբուդսմանները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն և իրենց ղեկավարած կառույցների հետագա համագործաքցությանը վերաբերող մի շարք հարցեր:
   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
   05.05.2015
   ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը մայիսի 2-ին և 4-ին հանդիպումներ է ունեցել դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Բրազիլիայի ներկայացուցիչների հետ:
   Հանդիպման ժամանակ քննարկվել են խորհրդարանական ընտրություններին, դրանք կարգավորող օրենսդրությանը վերաբերող և դիտորդներին հետաքրքրող մի շարք հարցեր:
   11.04.2015
   ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ այցելություն են կատարել ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական վարչություն` դատապարտյալների իրավունքների պահպանման իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև նրանց հետ հանդիպում կազմակերպելու նպատակով:
   Հանդիպման ընթացքում դատապարտյալ Արման Գասպարյանը հայտնել է, որ իր երկու անչափահաս եղբայրները գտնվում են «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում (ք.Բերդձոր) և խնդրել է միջամտել իրենց հետ տեսակցություն կազմակերպելու հարցում: Վերոնշյալի վերաբերյալ Պաշտպանի, նշված հաստատության տնօրինության և քրեակատարողական հիմնարկի ղեկավարության միջև ձերք բերված պայմանավորվածության համաձայն` ս.թ. ապրիլի 10-ին քրեակատարողական հիմնարկում հանդիպումների համար նախատեսված սենյակում կազմակերպվեց դատապարտյալի և նրա եղբայրների տեսակցությունը:
   30.12.2014
   Արդեն ավանդույթ դարձած` ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին իրենց ամանորյա բարեմաղթանքներն են հղել Օմբուդսմանի եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեն և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Մարդու իրավուքների հանձնակատար Վ.Կալկոն, ինչպես նաև` մի շարք միջազգային և եվրոպական մարդու իրավունքներով զբաղվող և հասարակական կազմակերպություններ:

Օմբուդսմանի եվրոպական ինստիտուտի Գլխավոր քարտուղար.

Dear Yuri,

I wish you and your families, the whole people of Karabakh also merry Christmas and a good new year 2015, with success, health and freedom.

Hope to see you next year once again.

Josef Siegele,
Secretary General EOI

Հարգելի Յուրի
Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդին ուրախ Սուրբ ծնունդ և բարի նոր 2015 տարի`լի հաջողությամբ, առողջությամբ ու ազատությամբ:
Հուսով եմ նորից տեսնել Ձեզ հաջորդ տարի:
ՕԵԻ Գլխավոր քարտուղար
Յոզեֆ Զիգելե

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մարդու իրավունքների Հանձնակատար.

Примите самые искренние и сердечные поздравления с наступающими Новым 2015 годом и Рождеством Христовым!

Каждый из нас, провожая старый год, с надеждой смотрит в будущее, с верой в то, что с уходящим годом останутся в прошлом все трудности и невзгоды, тревоги и разочарования, а новый принесет удачу во всех начинаниях.

На пороге этого замечательного праздника нас всех объединяют новые надежды, новые планы и устремления с уверенностью в том, что они обязательно осуществятся.

Пусть наступающий Новый год станет годом осуществления надежд, годом благополучия и профессиональных достижений, годом исполнения планов, свершений и всяческого благополучия!

Желаю крепкого здоровья, семейного благополучия, счастья, мира и добра, оптимизма, сил и удачи в достижении намеченных целей, всяческих успехов и исполнения желаний!

Уполномоченный по правам человека в Приднестровье
В.А. Калько
   12.12.2014
   ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից` ս.թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները մեր հաստատության համար հայտարարվել են հանրապետության դպրոցների աշակերտների շրջանում ԼՂՀ Սահմանադրության, մարդու իրավունքների (այդ թվում` երեխայի իրավունքների) և դրանց պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ գիտելիքների տարածման երկամսյակ:
   Այդ նպատակով` աշխատակազմի մասնագետները այցելություններ են կատարել Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների դպրոցներ և նախապատրաստվում են մինչև տարվա վերջ նույնն իրականացնել նաև երկրի այլ վարչական միավորումներում:
   Իսկ ս.թ. դեկտեմբերի 9-ին` ԼՂՀ 1991թ. անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ մրցույթ է կազմակերպվել Ստեփանակերտ քաղաքի Ե. Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում:
   Մրցույթի նպատակը աշակերտներին ԼՂՀ Սահմանադրության հիմնադրույթներին, մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ծանոթացնելն ու դպրոցականների իրավագիտակցության աստիճանի բարձրացումն էր:
   Մրցույթին մասնակցում էին նույն դպրոցի իններորդ դասարանցիներից կազմված երկու թիմ, որոնք ցուցաբերել են ուսման և մրցույթի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված խորը գիտելիքներ, ինչպես նաև` այս կամ այն իրավիճակը ճիշտ վերլուծելու և արագ կողմնորոշվելու ունակություն ու տրամաբանություն:
   Հաղթող ճանաչված թիմն ու ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները պարգևատրվել են հուշանվերներով:
   Այսպիսով` զուտ տոնական բնույթի միջոցառումները փորձեցինք համատեղել գործնական` իրավական գիտելիքների տարածմանն ուղղված միջոցառումների հետ: Մանավանդ, նշված ժամանակահատվածը նման հնարավորություն էր ստեղծել. այդ պահին դիմորդների համեմատաբար քչաթիվությունը, նախանշված այլ ծրագրերի արդեն ավարտված լինելն ու լրատվամիջոցների ոչ այդքան ակտիվ հետաքրքրությունը դեպի մեր գործունեությունը (հարցազրույցներ, տարբեր հաղորդումների մասնակցելու հրավերներ և այլն) չէին շեղում այդ խնդիրներից:
   Նշվածի ֆոնի վրա զարմանք է հարուցում դեկտեմբերի 10-ին Արցախի հանրային հեռուստատեսության «Երեկոն մեզ հետ» ծրագրի վարողներից մեկի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, որ «մեզ չի հաջողվում համոզել օմբուդսմենին մասնակցել ծրագրին, իսկ պատճառներն անհայտ են. կայացած չէ, արդյոք, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը մեզանում, թե Պաշտպանը հարկ չի համարում մարդկանց հասանելի լինել այս ճանապարհով» (հեղինակի խոսքերը կրկնված են բառացիորեն):
   Այդ կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն այլ լրատվամիջոցների (այդ թվում` Արցախի հանրային հեռուստատեսություն), լրագրողների, առանձին ծրագրերի, որոնց հետ Պաշտպանը մեծ սիրով և բավականին ակտիվ համագործակցում է, վերը նշված ծրագրի հետ համագործակցելու որևէ ցանկություն չունի այն պարզ պատճառով, որ այդ թիմի առանձին ներկայացուցիչներ, յուրացնելով այս կամ այն հաստատության կայացած կամ չկայացած լինելու վերաբերյալ միակ «փորձագետի» ծանր լուծը, տարիներ շարունակ (մինչ այդ` նաև այլ ծրագրերի շրջանակներում) այդպես էլ չընկալեցին մի շատ հասարակ, սակայն, բավականին պարզ և օգտակար իրողություն. նախքան որևէ հաստատության, երևույթի կամ առարկայի մասին հաղորդում վարելը պետք է քիչ, թե շատ ծանոթանալ դրան (իհարկե, նախընտրելի է երկրորդը): Իսկ առաջինը` տվյալ դեպքում ոչ միայն պարզապես քիչ է, այլ նաև կարող է որոշ հարցերում ապատեղեկատվացնել առարկային անտեղյակ հեռուստադիտողին և զարմացնել տեղեկացվածին, ինչին ականատեսն էինք դարձել ս.թ դեկտեմբերի 10-ին, ինչպես նաև նախորդ` 2013, 2012… թվականների նույն օրը:
   Բավական է նշել, որ դեկտեմբերի 10-ի տոնի անվանումը ոչ թե «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր» է, ինչպես թվում է այս բառակապակցությունը բազմիցս կրկնած «փորձագետ-հաղորդավարներին», այլ «Մարդու իրավունքների միջազգային օր»:
   Եթե նշված անձինք չզլանային և մինչև հաղորդումն եթեր հեռարձակելը գոնե բացեին ԼՂՀ Սահմանադրությունը, ապա կհայտնաբերեին, որ մեր երկրում գործող պետական իրավապաշտպան մարմնին Սահմանադրությունն անվանում է «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան», իսկ նրանց կողմից բազմիցս օգտագործված «մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ» և նման այլ անվանումները Սահմանադրությանը բոլորովին ծանոթ չեն: Իսկ եթե նրանք փորձեին խորանալ այդ անձի լիազորությունների մեջ, ապա զարմանքով կհայտնաբերեին, որ իրենք նշված բնագավառում այդքան էլ առաջադեմ «փորձագետներ» չեն:
   ԼՂՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն` մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Անվիճելի է, որ պետական մարմինների մի մասը` գործադիր իշխանությունն իրականացնող մարմիններն են:
   Կարծում եմ` նշված «բացահայտումը» հնարավորություն կընձեռի «փորձագետներին» օբյեկտիվորեն և արդեն գործի իմացությամբ պատասխանել հետևյալ հարցին. «Ինչքանո՞վ է կոռեկտ, խելամիտ և ընդունելի գործադիր իշխանության ներկայացուցչին երկու տարի շարունակ, նույն օրը հարցնել, թե որքանով է կայացած այն մարմինը, որը ոչ միայն անկախ է այդ նույն իշխանությունից, այլ նաև վերջինիս նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որոշակի լիազորություններ ունի, չէ որ նման հարցադրմամբ այդ պաշտոնյային բավականին անհարմար իրավիճակի մեջ եք ներքաշում»:
   Վերոնշված թիմի կողմից վերջին և նախորդ հաղորդումների ընթացքում բաց թողնված վրիպումները կարելի է շարունակել, սակայն, գտնում եմ` մեր «փորձագետներին» կուղղի ոչ թե դա, այլ դպրոցականների հետ միասին վերը նշված միջոցառումներին գոնե մեկ անգամ մասնակցելը (լուրջ նախապատրսատվելը պարտադիր պայման է):
   Իսկ մինչ այդ գերադասում ենք մարդկանց հետ շփվել անմիջականորեն, ինչպես նաև` առավել արհեստավարժ և օբյեկտիվ լրագրողների միջոցով` խուսափելով վերը նշված «միջնորդներից»:
   
   13.11.2014
   Շ.Գուլիևի և Դ.Ասկերովի նկատմամբ իրականացվող քրեական դատավարության մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղակայված կեղծ հրապարակումների վերաբերյալ հայտարարություն:

   Ես` որպես ինքնիշխան պետության մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաև` Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի անդամ, ստիպված եմ խորին վրդովմունք հայտնել ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների կողմից ներկայացված մտացածին, ապատեղեկատվական հրապարակումների կապակցությամբ, թե իբր ս. թ. հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկած` Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունը ՀՀ իշխանությունների կողմից պատվիրված «թատրոն» է, որ նշված անձինք ենթարկվում են խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի:
   Մեր ընդիմախոսների տրամաբանությունը պարզ է. շեղել բոլորի ուշադրությունը ԼՂՀ-ում տեղի ունեցող պետականության կատարելագործմանը միտված գործընթացներից` զգուշանալով միջազգային հանրության կողմից Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացման մակարդակների համեմատություններ անցկացնելուց և դրանք օբյեկտիվորեն գնահատելուց, որն, անշուշտ, մեր օգտին կլինի:
   Այլ արձագանք հարևան պետությունից չէինք էլ սպասում: Չէ՞ որ Ադրբեջանում հերոսացվում է քնած վիճակում գտնվող հային գազանաբար սպանողը (Ռամիլ Սաֆարովի կողմից կացինով Գուրգեն Մարգարյանին գլխատելու տխրահռչակ փաստը)։ Այդ պետության սահմանը պատահաբար անցած, հոգեկան առողջության հետ կապված ակնհայտ խնդիր ունեցող, ազգությամբ հայ Կարեն Պետրոսյանի հետ կապված դեպքը, ում ադրբեջանական իշխանությունները ներկայացրել էին իբրև դիվերսանտի, սակայն, համոզված լինելով մեղադրանքի մտացածին լինելու մեջ, հրապարակային դատավարություն իրականացնելու փոխարեն նրան ուղղակի բարբարոսաբար սպանել են: Ադրբեջանի կողմից ազգությամբ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների հանդեպ խոշտանգումների, բռնությունների և այլ անմարդկային վերաբերմունքի փաստերը բազմաթիվ և հանրահայտ են:
   Այնտեղ փոքր-ինչ «գրագետ» են դատաստան տեսնում ադրբեջանցի այլախոհների հետ` քաղաքական շարժառիթներով մեղսագրելով նրանց կեղծ մեղադրանքներ (իբր հայերի օգտին կատարված դավաճանություն և այլն):
   Բավական է վերհիշել առանց տարրական իրավունքների պահպանման բանտում պահվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու «գործը», որոնց պաշտպանությամբ մտահոգված են բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և անձինք, իսկ այդ երկրի օմբուդսմենն անգամ հարկ չի համարել անձամբ այցելել նրանց:
   Իհարկե, նշվածի ներքո ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության պատճառով, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների, քաղաքակիրթ աշխարհում ընդունված, բոլոր իրավունքները:
   Նույնը վերաբերում է նաև Դ. Ասկերովին և Շ. Գուլիևին, ովքեր մեղադրվում են ԼՂՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մասնավորապես` 316-րդ հոդված (լրտեսությունը), 350-րդ հոդվածի 2-րդ մաս (կազմակերպված խմբի կողմից, առանց պատշաճ թույլտվության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից պահպանվող պետական սահմանը հատելը), 245-րդ հոդվածի 3-րդ մաս (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (մարդուն բացահայտ առևանգելը՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), իսկ Դ. Ասկերովը մեղադրվում է նաև 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով):
   Թույլ տվեք նշել, որ ես` թե՛ անձամբ, թե՛ աշխատակազմի աշխատակիցների միջոցով մշտապես դիտարկում եմ այդ անձանց իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչպես քննչական մեկուսարանում, այնպես էլ դատավարության ամբողջ ընթացքում, և դա ըմբռնումով է ընդունվում մեր երկրի իշխանությունների, հասարակության և տուժողների կողմից, այդ թվում` այն անմեղ պատանու ծնողների, ում սպանության մեջ մեղադրվում է ամբաստանյալներից մեկը:
   Դիտարկումները ցույց են տալիս, որ դատավարությունն ընթանում է ԼՂՀ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Ամբաստանյալների բոլոր իրավունքները պահպանվում են. նրանք ունեն փաստաբաններ, թարգմանիչ, ազատորեն հանդես են գալիս հայտարարություններով ու տարբեր միջնորդություններով, որոնք դատարանի կողմից քննարկվում և, համապատասխանաբար, ընթացք են ստանում, օգտվում են ամբաստանյալի կարգավիճակից բխող այլ իրավունքներից եւս:
   Ինչ վերաբերում է Շ. Գուլիևի և Դ. Ասկերովի` քննչական մեկուսարանում պահման պայմաններին, ապա կատարված այցելություններն ու նրանց հետ մեկուսի զրույցները ցույց են տալիս, որ դրանք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Ամբաստանյալները մեկուսարանի վարչակազմի վերաբերմունքի, սննդի, հագուստի և այլ կենցաղային պայմանների վերաբերյալ որևէ դժոհություն չեն հայտնում` հատուկ ընդգծելով, որ նրանց պարբերաբար այցելում են նաև ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչները, որոնց միջոցով կարողանում են նաև նամակագրական կապ պահել իրենց հարազատների հետ:
   Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տվյալ հայտարարությունը չորակել որպես մեր ընդիմախոսների օրինակով ճշմարտությունը թաքցնելու կամ աղավաղելու, և մեր երկրում մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրավիճակն իրականի համեմատ առավել բարենպաստ ներկայացնելու փորձ:
   Իմ կողմից նկարագրվածում համոզվելու համար` Ձեզնից յուրաքանչյուրը կամ նրա ներկայացուցիչը կարող է ազատ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դիտարկել վերը նշված դատավարությունը, ինչպես նաև հանդիպել ամբաստանյալների հետ:
    Հարգանքով`

      ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան      ՅՈւ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
   13.10.2014
   ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հարցում են անցկացրել Աշխատակազմ դիմած անձանց շրջանակում՝ որոշելու, թե ԼՂՀ գործադիր մարմինների ղեկավարներից ո՞վ է ավելի հասանելի բնակչությանը, ո՞վ առավել ուշադիր վերաբերվում մարդկանց հոգսերին ու արդյունավետ հետևում նրանց իրավունքներին:
   Հարցման արդյունքներով՝ ամենահասանելի և արդյունավետ գործող պաշտոնյաներ են ճանաչվել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Copyright © www.ombudsnkr.am 2011-2016
Website developed by CompService Ltd.