Հայերեն   English
 
   28.06.2019

Արտակ Բեգլարյանն ու Արման Թաթոյանը Լոս Անջելեսում հանդիպել են «Խոստում» ինստիտուտի ղեկավարությանը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 28-ին հանդիպել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի (Promise Institute for Human Rights) ղեկավարության՝ Քեյթ Մակինթոշի և Ջեսիկա Փիքի  հետ:

Երկու ՄԻՊ-երը հակիրճ ներկայացրել են ՀՀ-ում և ԱՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հիմնական մարտահրավերները՝ անդրադառնալով նաև իրենց հաստատությունների գործունեության հիմնական ուղղություններին:

Ա. Բեգլարյանը հատուկ անդրադարձ է կատարել Արցախի միջազգային իրավական կարգավիճակով ու Ադրբեջանի մեկուսացման քաղաքականությամբ պայմանավորված արցախցիների իրավունքների խախտումներին ու սահմանափակություններին՝ ընդգծելով, որ այդպիսի պայմաններում մարդու իրավունքները մեծապես խոցելի են. ուստի, միջազգային հանրությունը պարտավորություն ունի պատշաճ ուշադրություն դարձնելու առկա խնդիրների վրա: Նա այդ գործում շեշտադրել է գիտահետազոտական հաստատությունների կարևոր դերը՝ հույս հայտնելով, որ «Խոստում» ինստիտուտն օրինակ կծառայի շատերի համար:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրության ենթակա մի շարք հարցեր և համագործակցության հետագա հնարավորությունները: