Հայերեն   English
 
   26.07.2019

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների  պաշտպանին, տեղեկացրել են, որ 1998թ. իրենց որդին զորակոչվել էր ԼՂՀ զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել:

Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող,  քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական  ծառայության ժամանակահատվածում, և  առկա է 2008թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած: Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ և պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար:

Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան:

Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից:

Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ և նյութեր, այնուհետև ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները: Գործի համակողմանի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա՝ Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում:

Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են  անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, և նրանց  նշանակվել է ամենամսյա պարգևավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական  (երեսունմեկ հազարական) դրամի չափով: