Հայերեն   English
 
   08.09.2019

Պաշտպանը հետևել է ընտրությունների ընթացքին. էական խնդիրներ չեն արձանագրվել

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով:
Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար:
Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 6 զանգ, որոնք առնչվել են գլխավորապես ԱՀ ընտրական օրենսդրության մի շարք դրույթների պարզաբանմանը: Իսկ զանգերից մեկը կատարվել է դիտորդի կողմից, որը ներկայացրել է գյուղական համայնքներից մեկում էլեկտրամատակարարման խափանման պատճառով առաջացած ընտրական գործընթացների դժվարությունները:
Պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկման աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Հանրապետության մի շարք բնակավայրերում գիշերվանից արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք, ըստ «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումների, պայմանավորված էին անբարենպաստ եղանակի հետևանքով տեղի ունեցած վթարներով: Այնուամենայնիվ, խնդիրները շտկվել են օրվա ընթացքում:
Քվեարկության արդյունքների և հավաքագրված տեղեկությունների ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: