![]() |
![]() |
![]() |
|
![]() |
05.11.2019Արտակ Բեգլարյանը մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովինԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին: Որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ Ա.Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին՝ հանդես գալով դիտարկումներով ու հարցադրումներով: Պաշտպանը, մասնավորապես, բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը՝ շեշտադրելով, որ այն բացասականորեն է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է կանգնում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին: Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նահամոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Ա.Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ: Համաժողովի շրջանակներում Պաշտպանը մտքեր է փոխանակել տարբեր երկրների և տարածաշրջանների Մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ նրանց հետ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:
|